Բայց այսօր մենք գիտենք` ինչ-որ գիտակարգով ավելին ենք, քան մեր հայրերը, այդ թվում` աստվածաբանության մեջ: Եվ դա ոչ թե մեր սեփական իմաստությունն է, այլ մեր նախորդների համահավաք փորձառությունը: Տեսնելով նրանց սխալներն ու ձեռքբերումները և կանգնելով նրանց ուսերի վրա, մեր առաջ ավելի մեծ հորիզոններ են բացվում և ավելի բարձրաբերձ գագաթներ են դառնում նվաճելի:
Հայտնի և նշանավոր հոգևոր մարդկանց մասին խոսելը միշտ էլ դժվար է: Մենք տեսնում ենք նրանց հսկայական ներդրումը քրիստոնեության պատմության մեջ, գնահատում նրանց վաստակը, ընդգծում նրանց արժանապատվությունը և հաճախ կանգնում փորձության ¥գայթակղության¤ առաջ՝ նրանց հռչակելով «առանց վախի և նախատինքի» քրիստոնյաներ՝ մոռանալով և, կարող է նաև չիմանալով, կամ չցանկանալով իմանալ նրանց թերություններն ու սխալները:
Մենք, ինչպես միջնադարի կամ անտիկ աշխարհի մարդիկ, կուզենայինք ունենալ առաջնորդ, որ իմանար, թե ինչ է պետք անել և երբեք չսխալվել: Նմանի հետևից հեշտ է գնալը առանց կանգառի: Բայց աշխարհին հայտնի է նման միայն մեկ առաջնորդ՝ Հիսուս Նազովրեցին: Մնացած բոլորը մարդիկ են՝ մարմնից և արյունից, և ուսումնասիրելով նրանց կյանքը, մենք նրանց մեջ տեսնում ենք մեր սեփական անդրադարձը և շատ բան կարող ենք սովորել նրանցից:
Հովհաննես Ոսկեբերանը Պողոս առաքյալի մասին ասել է. «Չնայած նա Պողոսն է, բայց այնուամենայնիվ մարդ է»: Սա շատ ճիշտ նկատողություն է: Երբ մենք խոսում ենք մեծ ավետաբերների մասին, պետք է ազնիվ լինենք Աստծո առաջ և գիտակցենք, որ այն ամեն լավը, որ նրանք արել են, ոչ թե նրա համար, որ մյուսներից ավելի լավն են եղել, այլ նրա համար, որ Տերը նրանց միջոցով է արարել այդ:
ՈՒստի նրանց վաստակի թվացյալ մեծությունը՝ դա Քրիստոսի վաստակի մեծությունն է, իսկ նրանց տեսանելի սխալներն ու թերությունները նրանց մարմնավորության հետքերն են:
Ահա այսպիսի խորհրդածություններ են քեզ պաշարում, երբ դու ոչ թե սոսկ կարդում, այլ ընկղմվում կամ, որ ավելի ճիշտ է, խորասուզվում ես Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը» խորագիրը կրող անսովոր աշխատության մեջ:
Ընդ որում` այդ բարեպաշտ վանականն ըմբոստացել էր ոչ թե Աստծո դեմ, այլ Աստծո համար: Նա ապստամբեց ոչ թե հավատի դեմ, այլ կեղծ հավատի դեմ: Նա ուզեց ազատվել ոչ թե կրոնից, այլ միայն կեղծ կրոնից: Ահա թե ում մասին է պատմում հայ գրող-աստվածաբան Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը՝ միայն իրեն հատուկ անկրկնելի երանգով, բնույթով ու դրամատիզմով:
«Մարտին Լութեր» գիրքը հիմնված է Լութերի լույսընծայած վիթխարի թվով ստվարածավալ երկերի, բազմաթիվ նամակների, փաստաթղթերի, օրագրերի նյութի վրա: Այդ ամենն ինքը Լութերն է, նրա կյանքը, թե ինչպես է նա աշխատել, սիրել ու պայքարել:
- Գերմանական կայսրությունը ԺԶ դարի սկզբին
- Հաբսբուրգյան իշխանությունը
- Կառլոս Ե կայսրը
- Գերմանիայի ներքին դրությունը
- Եկեղեցական բարեկարգության անհրաժեշտությունը
- Ներման թղթեր ¥ինդուլգենցիա¤
- Հավատաքննություն ¥ինկվիզիցիա¤
- Համալսարաններ
- Հումանիստական շարժումն ու վերածնունդը
- Տպագրության գյուտը
Ահա գրքի ներածությունն ամփոփող պատումների ոչ լրիվ ցանկը, գիտական աշխատության և գրական ստեղծագործության ներածական մասը՝ նախնական ընդհանուր գիտելիքների և նախնական գրական ընդհանրացումների ամբողջությունը:
Այս գիրքն ուսումնասիրող ընթերցողի համար դժվար չէ եզրակացնել, որ ինչպես գրեթե բոլոր դասական պոեմների բովանդակությունն է խտացած իրենց նախերգանքներում, այնպես էլ այս երկի էությունն է հառնում իր ներածությունից:
Սրանք գիտական աշխատության կամ գեղարվեստական երկի ներածական մաս չեն, ուր հեղինակը բացատրում է տվյալ գործի գրության հանգամանքները, բնույթը, ծավալն ու նպատակները: Սրանք բուն նյութից առաջ տարբեր վերտառություններով հանդես եկող շարադրանքներ են, որոնցում պարզաբանվում են տվյալ խնդրի տեսական-գիտական սկզբունքներն ու նախադրույթները, ընդհանուր ակնարկով նկարագրվում է ընդգրկվող ժամանակի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքը:
Լութերը խոր հետք է թողել քրիստոնեության պատմության և մարդկության քաղաքակրթության մեջ ոչ միայն քաջարի բարենորոգիչ և եկեղեցական գործիչ լինելու, այլև մեծ աստվածաբան և գրող լինելու պատճառով:
Աստված Լութերին ոչ միայն որոշակի մտքեր և գաղափարներ էր տալիս, այլև այդ մտքերն ու գաղափարները գեղարվեստորեն շարադրելու շնորհք, առանց որի բարենորոգությունը հնարավոր է, որ երբեք հաջողության չհասներ:
Լութերը գրում էր պարզ, հուզահակ, հասկանալի: Լութերական լեզվի մաքրությունն ու հզորությունը ինչ-որ չափով ձևավորել են գերմաներենի ուժն ու յուրահատկությունը:
Լութերի գրվածքներում պայծառորեն լուսարկվում է ավետարանական ճշմարտությունների անողոք պաշտպանի բուռն ու անձկական մի բնավորություն, ընդ որում` մեղքերի, անկարությունների և թերությունների անթաքույց մի կծիկ, որի մասին ինքն էր բացեիբաց խոսում:
«Լութերի սկզբնական նպատակը չի եղել եկեղեցու ընդհանուր բարեկարգությունը,- գրում է սրբազանը,- նրա համար եկեղեցու վերանորոգման հարցը կախում ունի միայն Աստծուց և ոչ թե մարդկանցից, պապից կամ կարդինալներից: Իսկ այդ բարեկարգության ժամանակը միայն Աստծուն է հայտնի: Նրա ցանկությունն էր լոկ ավետարանական ճշմարտության վերականգնումը, որի դեմ էին պայքարում պապն ու պապականները:
Այնուհետ Լութերի ունեցած կրոնական ու վանական ապրումները, Սուրբ գրքի մեջ ձեռք բերած հմտությունը, ինչպես նաև եկեղեցական զեղծումների դեմ իր մղած պայքարը ստիպում էին նրան հանդես գալ իբրև կրոնական մի նոր շարժման ռահվիրա»:
Նա արդեն տարիներ շարունակ կաթոլիկ վարդապետությունը բաղդատում էր Աստվածաշնչի ուսմունքների հետ՝ քաջածանոթ լինելով իրենից առաջ եղած քրիստոնյա մտավորականների ճակատագրերին ու աշխատություններին: Նա ամենևին նպատակ չուներ կաթոլիկ եկեղեցու դեմ բողոքելու կամ ապստամբելու, պարզապես մտադրված էր իր հարցերն ու մտահոգությունները բարձրաձայնելու տարին մեկ անգամ գումարվող եկեղեցական ժողովների ժամանակ:
Լութերն ի՜նչ իմանար, որ կրոնական բարեկարգության հրդեհի բռնկման սկիզբը հենց այդ օրն էր լինելու, հենց այդ 95 կետից բաղկացած լատիներեն գրված բողոք-նամակն էր լինելու, որը 1517-ի հոկտեմբերի 31-ին նա փակցրեց Վիտտենբերգի Մայր տաճարի դարպասների հատուկ հայտարարությունների համար նախատեսված հատվածում:
Շուտով հայտնվեց նաև նամակի գերմաներեն տարբերակը, որն անընդհատ կրկնօրինակվելով անցավ նախ մտավորականության և ազնվականության ձեռքը, այնուհետև տարածվեց ողջ Գերմանիայով մեկ:
«ՈՒրեմն կարելի է եզրակացնել,- գրում է սրբազանը,- որ միանգամայն բարի նպատակով հրապարակ իջած Լութերը ակամայից դարձավ առաջնորդը կրոնական մի շարժման, հատկապես գերմանական բարեկարգության: Այդ շարժումը թեև պառակտում առաջացրեց հռոմեա-կաթոլիկ եկեղեցու մեջ, սակայն, մյուս կողմից էլ, իր կարևոր նպաստը բերեց նրան այն իմաստով, որ վերջինս սկսեց լրջությամբ մտածել ինքն իրեն բարեկարգելու մասին, և այդ իսկ պատճառով գումարեց Տրիդենտյան նշանավոր ժողովը, որը հստակ և դյուրըմբռնելի կերպով բանաձևեց իր դավանանքին վերաբերող բազմաթիվ հոդվածներ»:
Լութերի առարկություն չընդունող աստվածաբանական հայացքները, որոնք ուրիշ կարծիքներ չէին հանդուրժում, շուտով անընդունելի եղան և տարաձայնություններ առաջացրին ոչ միայն հռոմեա-կաթոլիկների, այլև ուրիշ, այն էլ այնպիսի բարենորոգիչների մեջ, որոնք մինչ այդ զորավիգ էին նրան:
Տարաձայնությունները հատկապես ծայրահեղ հիվանդագին բնույթ առան Լութերի և նրա ժամանակակցի՝ նշանավոր աստվածաբան Էրազմ Ռոտերդամցու միջև: Էրազմը չէր ընդունում Լութերի կտրուկ և սուր ելույթները և կոչ էր անում նրան նայել կաթոլիկ համակարգի վերափոխման ուղղությամբ: Նրանց միջև ծայր առած հակասությունը սրվում է այն ժամանակ, երբ Էրազմը քննադատում է Լութերի առաջ քաշած այն տեսակետը, թե մարդն արդարանում է միայն Հիսուսի հանդեպ ունեցած իր հավատով, և թե մարդը երբեք ի վիճակի չէ ինչ-որ չափով շահելու Աստծո շնորհն ու ողորմությունը կամ արժանի դառնալու դրանց:
Այլ կերպ ասած՝ «մեր ամբողջ արածը արդյունք է մի բացարձակ նախասահմանության և ոչ թե ազատ կամքի,- ընդգծում է սրբազանը,- այն ժամանակ մարդկային ամբողջ բանականությունը ենթակա կլինի քայքայման, որովհետև այլևս ո՞վ կարող է տանել այն դաժան ու մշտական պայքարը մեղքերի դեմ, ո՞ր մեղավորը կփորձի ուղղել իր կյանքը»: Այստեղից երևում է, որ մարդն առանց ազատ կամքի զերծ է ամենայն պատասխանատվությունից և Աստվածաշնչում հիշատակված վերջին դատաստանն էլ ավելորդ է, որովհետև եթե մարդն ազատ կամք չունի և իր գործունեությունը նախասահմանված է, ապա զուր է հաշվետվության կանչվելու:
Արդարացում հավատով: Սակայն միայն կենդանի հավատով, որն իր պտուղներն է տալիս գործերի միջոցով: Մի գործուն հավատ, որ մարմնավորված է, և ոչ թե մի մեռած հավատ, որն անպտուղ է. «հավատն առանց գործերի մեռած է»: Հավատն ու գործը անբաժան են:
«ՈՒղղափառ եկեղեցին ընդունում է, թե Աստված չի անտեսում Իր արարածներին,- գրում է սրբազանը,- Նա թեև կարիք չունի նրանց գործակցությանը, բայց նրանց փրկության համար ակնկալում է այդ գործակցությունը: Օգոստիանոս Երանելին ասում է. «Աստված մեզ ստեղծեց առանց մեր միջամտության, բայց Նա մեզ չի արդարացնի առանց մեր մասնակցության, այսինքն՝ մեզ ստեղծեց առանց մեր գիտության, սակայն մեզ չի արդարացնի առանց մեր կամքի համաձայնության»:
Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի «Մարտին Լութերը» վավերագրական վեպ է՝ իրական դեպքերով և փաստերով, իրական գոյություն ունեցող մարդկանցով, իրենց իսկական անուններով հանդես եկող, բնավորության գծերով և կենսագրական տվյալներով:
Հեղինակն իր պատկերած իրական դեմքերի ու դեպքերի միջոցով գեղարվեստական ընդհանրացումների է հասնում, ուստի այս երկը, գիտական արժեք ունենալուց բացի, նաև գեղարվեստական արժեք է ստանում:
Սա իսկապես գիտա-գեղարվեստական վեպ է, մի կենսագրական էպոպեա՝ Լութերի ապրած ժամանակի ժողովրդի կյանքի առավել լայն բազմակողմանի պատկերը ներկայացնող վեպ:
Այն արտացոլում է պատկերվող դարաշրջանի կարևորագույն իրադարձությունները, հանդես է բերում բարդ հարաբերությունների մեջ գտնվող մեծաքանակ կերպարներ:
Այս կենսագրական վեպում հատուկ տեղ ունի հեղինակային խոսքը, որով նա բնութագրում է հերոսներին, գնահատում նրանց հայացքները, արարքները, նկարագրում իրադարձությունները: Նրա հեղինակային խոսքը երբեմն կապ չունի երկի գործող անձանց և դեպքերի հետ: Այդ շեղումներով հեղինակն արտահայտում է իր մտքերը, հաղորդում իր զգացմունքները, որոնց շնորհիվ ընթերցողը երկի գործող անձերի հետ միասին գաղափար է կազմում նաև հեղինակի մասին:
Ստեղծագործական ոգևորության վիճակում Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան գրողն իր գաղափարը, իր մտահղացումն արտահայտում է կյանքի գեղարվեստական պատկերներով: Նրա երևակայությունը գործում է կուտակված դիտարկումների հիման վրա: Նման վիճակը բնորոշ է նաև գիտական հայտնագործություն կատարող Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանին:
Լութերը իր սխալներով ու թերություններով հանդերձ՝ եկեղեցու պատմության մեջ իր ուրույն տեղն ունի: Նա հանդես եկավ իր ժամանակին, երբ միջնադարի կաթոլիկ եկեղեցին այնպես էր քայքայվել ու նեխել, որ վերածննդի խիստ կարիք էր զգում:
Այդ էր պատճառը, որ եթե նույնիսկ Լութերը չգլխավորեր արթնության շարժումը, ապա մեկ ուրիշը հաստատ կգտնվեր: Բայց հենց Լութերը, այդ անկեղծ ու համարձակ անհատը գրավեց պատմության մեջ այդ տեղը և անջնջելի հետք թողեց թե՛ քրիստոնեության, թե՛ աշխարհի պատմության, մշակույթի ու արվեստի վրա:
Արտակ ՈՍԿԱՆՅԱՆ